Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Շատ լավ ա, Հենրիխ ջան»

«Շատ լավ ա, Հենրիխ ջան»
27.09.2013 | 12:35

Մինչ այս աշխարհի հզորները մոլորակը, ֆուտբոլի գնդակ դարձրած, այս ու այն կողմ են «տշում» (ասա, այ ադամորդիներ, ի՜նչ եք ուզում խեղճ երկրագնդից. խելոք վեր ընկեք տեղներդ, էլի. ապրածներս մի կյանք չէ՞), բուն ֆուտբոլում ավելի քաղաքակիրթ հարաբերություններ են` պրծա՞վ իննսուն րոպեն, տղաները նեղ մարդկային բնույթի վիրավորվածություններն արագ մոռանում, իրար հետ պարզ, մարդավարի ողջագուրվում, հաշտ, խաղաղ գնում են իրենց տները: ՈՒ սա ոչ թե լավ է, այլ լավից էլ լավ է, որովհետև ոչինչ այս աշխարհում ավելին չէ սիրով ապրելուց: Գուցե թե խոսքիս նախամուտքը մի քիչ փիլիսոփայական ստացվեց, իմ ընթերցողն եք, ներող կլինեք. տարիքս առած մարդ եմ, կարող է մի քիչ էլ թեմայից դուրս փնթփնթամ: Այնպես որ սրտներիդ մոտ մի ընդունեք, եթե ասածիս մեջ սերը մի քիչ պակաս ու հանդուրժողականությունը մեծ եղավ: Մի խոսքով` իրար հասկացանք:

Եթե իսպանական առաջնությունում «Բարսելոնը» սովորականի պես կապը կտրած աջ ու ահյակ ձաղկում է ձեռքն ընկած պատահածին («Ռեալ Սոսիեդադի» հետ 4:1-ից հետո վեց խաղից վեց հաղթանակի մասին գիտեք)` մտքում բացառապես «Ռեալը» նկատի ունենալով, ապա պակաս ոգևորված չէ և Մադրիդի «Աթլետիկոն» (վերջին խաղում 2:1 հաշվով պարտության է մատնել «Օսասունային»), որը դեռ որ նույնությամբ կատալոնյան ակումբի արածն է պատճենում: Հիմա կատվի տռճիկ տալը մինչև մարա՞գն է, թե՞ ոչ, կերևա յոթերորդ տուրում, որտեղ Սիմեոնեի թիմը հանդիպելու է իրենից ու մեր իմացած մեծ ախպորից ընդամենը երկու միավորով հետ մնացող «Ռեալին» (2։1 հաշվով հաղթել է «Էլչեին»), ու էստեղ է առարկայնորեն երևալու, թե ով ում է ասելու«բարև ձեզ», ով ում առաջ է գլխարկ հանելու: Սակայն, անկախ ամեն ինչից, պարզից էլ պարզ է, որ ընթացիկ մրցաշրջանում իսպանական ֆուտբոլում «Բարսելոն», «Ռեալ», «Աթլետիկո» ակումբներն են թե թամադայություն, թե քավորություն անելու, մնացածները մնալու են հրավիրյալի կարգավիճակում: Սա իմ անփոփոխ կարծիքն է: Եթե այլք էլ կան, դեմ չեմ, եկեք հարցը դնենք քննարկման, միացյալ ուժերով գանք կոնսենսուսի:
Ինչ է կատարվում իտալական առաջնությունո՞ւմ: Օ՜, այստեղ իսպանականի հստակ գծագրումները չկան: Այստեղ պիտի չխաբվել ոչ տասնհինգ միավոր ունեցող «Ռոմայի» առաջին տեղին (2։0 հաշվով հաղթել է «Սամպդորիային»), ոչ երկրորդ-երրորդ հորիզոնականներում գտնվող ու առաջատարից երկու միավորով հետ մնացող «Նապոլիին» (1:1 է խաղացել «Սասուոլոյի» հետ) ու «Յուվենտուսին» (2։1 հաշվով առավելության է հասել «Կիևոյի» նկատմամբ): Իտալական ֆուտբոլում չափազանց հետաքրքիր զարգացումներ են, սակայն եկեք առաջատար մյուս ֆուտբոլային տերությունների առաջնությունների հացը չկտրենք, որքան էլ որ, օրինակ, «Բոլոնիայի» հետ դրամատիկ պայքարում պարտությունից «Միլանի» մի կերպ խուսափելը պակաս հիշատակման արժանի բան չէ (հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով):
Անգլիայում էլ առավոտներն առանձնապես խաղաղ չեն: Եթե առաջատարի իր տասներկու միավորին հրաշալի մեկնարկած «Արսենալը» «Սոունսի Սիթիի» հետ առաջիկա արտագնա խաղում կարող է ևս երեքն ավելացնել, ապա նույնքան միավոր ունեցող «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունելու է առայժմ տասը միավոր ունեցող «Չելսիին», ու այստեղ իսկապես հատկապես ու մասնավորապես կոտորած է լինելու: Որ երկար-բարակ չխոսեմ, ընդամենը հիշեցնեմ` «Տոտենհեմը» մարզում է նախկինում «Չելսին» գլխավորած ու Աբրամովիչի թեթև ձեռքով ակումբից հեռացված մարզիչը` Վիլաշ-Բոաշը, «Չելսին» մարզում է անձամբ ինքը` Մոուրինյոն. երկուսն էլ պատվախնդիր, երկուսն էլ համեստությամբ առանձնապես չտառապող անձինք: Սրան պլյուս` երկուսն էլ պորտուգալացի: Հիմա կարող եք հարցնել` բա երկրորդ ու չորրորդ տեղերում գտնվող թիմերի միջև ակումբ չկա՞, որ էդպես թափ առած թռար-անցար: Նախ` մենք թռնողներից չենք, երկրորդ` կա, ինչպես թե չկա: Բա էն արյունն աչքն առած «Մանչեստր Սիթին» ինչ է, որ 4:1 հաշվով «Յունայթեդին» սրի քաշելուց հետո օր առաջ սպասում է սեպտեմբերի 28-ին, որ հիմա էլ «Աստոն Վիլայի» բմբուլները քամուն տա: Սակայն Անգլիայի պրեմիեր լիգայում հո միայն այս թիմերը չեն: Էնտեղ «Լիվերպո՜ւլ» կա, «Մանչեստր Յունայթե՜դ» կա…
Պակաս հետաքրքրություն չի ներկայացնում և Ֆրանսիայի առաջնությունը ու դա, առաջին հերթին, շնորհիվ «Մոնակոյի» (3:0 հաշվով հաղթել է «Բաստիային») ու ՊՍԺ-ի (1։0 հաշվով պարտության է մատնել «Վալանսիենին»): Սա չեմ ասում նրա համար, որ հենց այս երկուսն են տասնյոթ ու տասնհինգ միավորով գլխավորում աղյուսակը: Էստեղ իրականում մի այլ «բազար» է: «Փողին մուննաթ» ասելով` նավթի հաշվին արաբ շեյխերը Ֆրանսիայի առաջնությունում մի այլ կարգի կայֆեր են բռնում` մեզ էլ իրենց հետ իրենց վերն ասածի մեջ ներքաշելով: Այնպես որ` թե ինչպիսին կլինի այստեղ իրադարձությունների ընթացքը, եկեք մի փոքր սպասենք: Մեկ է` շտապելու տեղ չունենք, ժամանակն էլ` ծով:
Բունդեսլիգայի առաջնությունում վերջին մի քանի օրերը հանգստյան էին, որովհետև թիմերը զբաղված էին գավաթային հանդիպումներով: Դրանք դեռևս էն մյուս ծերից եկող ժամանակային չափումի մեջ են, ուստի չանդրադառնանք, միակ վերապահումը, ի սեր Հենրիխ Մխիթարյանի, անենք Դորտմունդի «Բորուսիային», որը գավաթի մեկ տասնվեցերորդում մրցեց «Մյունխեն-1860»-ի հետ ու հաղթեց 2:0 հաշվով: Այդ երկու գոլերից մեկը Մխիթարյանն է խփել, ու խաղի ռուս մեկնաբանը հայերենով «Շատ լավ ա, Հենրիխ ջան» բառերով է եղածին արձագանքել, ու սրանից հայերիս ուրախությունն այնքան մեծ է եղել, որ հերթական անգամ մոռացության ենք տվել երկրում ծայր առած գների վայրի բարձրացման հերթական ալիքը: Իհարկե, այստեղ կարելի էր հարյուր ութսուն աստիճանի շրջադարձ կատարել ու անցնել հայրենի կառավարության վարած անհայրենի քաղաքականությանը ու սամումի պես անցնել դրա վրայով, սակայն դա չենք անում երկու պատճառով`
ա. թերթը դրա համար ունի համապատասխան էջեր ու բնականաբար համապատասխան լրագրողներ, և նրանց հացը կտրել չի կարելի,
բ. այնուամենայնիվ սա մարզական էջ է, որքան էլ մենք ազատ ենք մեր ասելիքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ